Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ մեկնաբանել են ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի կողմից Երևանում անցկացված փողոցային հարցման ռեպորտաժի հրապարակումը:
Մայիսի վերջին ադրբեջանական AnewZ հեռուստաալիքը երկու ռեպորտաժ էր հրապարակել Երևանում, Բաքվում և Թբիլիսիում անցկացված փողոցային հարցման կադրերով: Նշվում էր, որ Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներին խնդրել էին պատասխանել, թե ինչպե՞ս են նրանք տեսնում խաղաղությունը Երևանի և Բաքվի միջև, և ինչպե՞ս այն կազդի տարածաշրջանի վրա: Ռեպորտաժից պարզ չէ, թե հարցման մասնակիցները տեղյա՞կ էին, որ պատասխանում են ադրբեջանական լրատվամիջոցի հարցերին, կամ որ դրանց պատասխանները կօգտագործվեն այդ լրատվամիջոցի նյութում:
Armenia Today-ն ԱԳՆ-ից և ԱԱԾ-ից տեղեկատվություն է խնդրել այն մասին, թե արդյոք հարցումն իրականացրել են Ադրբեջանի՞ քաղաքացիները, ինչպե՞ս են նրանք ժամանել Հայաստան, և արդյոք Հայաստանի պետական կառույցները նրանց տրամադրե՞լ են մուտքի թույլտվություն:
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ այս տարի գերատեսչությունն ադրբեջանցի լրագրողների հավատարմագրում չի իրականացրել։ Նախարարությունը հավելել է, որ մնացած հարցերն իր իրավասությունից դուրս են:
ԱԱԾ մամուլի ծառայությունից ստուգողական միջոցառումներից հետո հայտնել են, որ հարցումն իրականացրած անձինք Ադրբեջանի քաղաքացիներ չէին: