Շուրջ 2 տարի անց ՀՀ դատախազությունն ստիպված հաստատել է և ընդունել, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբեր ամսին տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել, տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ընդ որում՝ դատախազությունն անուղղակի նաև ընդունել է, որ այդ բռնությունը գործադրել է կարմիր բերետավոր Հրաչիկ Խաչատրյանը, քանզի այսօր ստացանք դատախազի որոշումը, որով վերջինս նախնական հրաժարվել է Հրաչիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարոցելուց այն պատճառաբանությամբ, որ դեռևս անհրաժեշտ է քննություն կատարել նրա արարքին «ճիշտ» քրեաիրավական գնահատական տալու համար»,- գրել է նա։
Ըստ Ալեքսանյանի՝ նշված պատճառաբանությունը ենթադրում է, որ Խաչատրյանը կատարել է քրեաիրավական արարք, որին «ճիշտ հոդված հարմարեցնելու համար ժամանակ է պետք»։
Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 23-ին՝ բողոքի ցույցերի ժամանակ (ոստիկանները հաղորդում էին ներկայացրել, որ նա 4 կարմիր բերետավորի է ծեծել)։ Սեպտեմբերի 25-ին Քոչարյանը մեկ ամսով կալանավորվել էր: Հոկտեմբերի 16-ին վերջինիս կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել։ Հոկտեմբերի 19-ին ընդդիմադիր գործչի կալանքը երկու ամսով երկարաձգվել էր։
Նոյեմբերի 6-ին նա ազատվել էր կալանքից, քանի որ ԿԸՀ-ի որոշմամբ՝ պատգամավորական մանդատ էր ստացել։ Քոչարյանը նոյեմբերի 14-ից ԱԺ պատգամավոր է: Փետրվարի 6-ին Քոչարյանի գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին:
Մարտի 7-ին դատարանը որոշել էր Քոչարյանի նկատմամբ երկրից բացակայելու արգելքի մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ: Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր, որ մտադիր են խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացնել: