ՀՀ ՆԳՆ-ն խուզարկել և ձերբակալել է ՀՅԴ-ի և «Սրբազան պայքար»-ի մի շարք ներկայացուցիչների։
Ըստ ՀՅԴ-ի հայտարարության՝ «իրենց անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ»։
«Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք՝ որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»,- ասված է ՀՅԴ հայտարարության մեջ։
Նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել «Սրբազան պայքար»-ը՝ տեղեկացնելով, որ իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են շարժման կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ:
«Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառն անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»,- նշված է շարժման հայտարարության մեջ։
Շարժումը հայտնել է 17 համակիրների ձերբակալության մասին։ Շարժման սոցիալական ցանցի էջերում հրապարակվել է ձերբակալվածներ անուն-ազգանունը։ Նշվում է, որ դա ձերբակալվածների ամբողջական ցուցակը չէ, քանի որ մի շարք քաղաքացիների գտնվելու վայրը դեռևս անհայտ է։
Ավելի ուշ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, հայտարարել է, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
«ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ»,- հայտնել է նա և կոչ արել պահպանել հասարակական կարգը։