ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի և Սերբիայի միջև հանցավորության դեմ պայքարի մասին» համաձայնագիր կնքելու նախագծին։
Հունիսի 12-ին ընդունած նախագծում նշվում է, որ կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի ահաբեկչության և դրա ֆինանսավորման, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների, մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, երեխաների նկատմամբ սեռական բռնության, անօրինական ներգաղթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Ներքին գործերի նախարարությունը հստակեցրել է, որ համագործակցությունը կիրականացվի նաև վիճակագրական տվյալների և կողմերի իրավական ակտերի, համատեղ գիտական փորձերի փոխանակման, այդ թվում՝ որակավորման բարձրացման դասընթացների, խորհրդակցությունների և սեմինարների միջոցով։