Դատարանը վերացրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` երկրից բացակայելու արգելքը։ Փոխարենը կիրառվեց գրավ՝ 5 մլն դրամ գումարի չափով։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 26-ին՝ 16։00-ին, հաջորդողը՝ սեպտեմբերի 2-ին՝ 16։00-ին։
2019-ին Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել պետական բյուջեից շուրջ կես մլրդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար։ 2024 թվականի մայիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանն արդարացրել էր նախկին նախագահին՝ «վառելանյութի գործով» հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
Մարտի 12-ին Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Երևանի Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար: Նախկին նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկրից բացակայելու արգելքը: