Կոտայքի մարզում հունիսի 8-ին հնչած կրակոցների գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում` Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոևը, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նա մանրամասնել է, որ վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ, առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկում), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում), 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենքի ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում) հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական ու դատաբժշկական փորձաքննություններ: ՔԿ-ից հավելել են, որ նախաքննությունը շարունակվում է:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են Avenue Arzni հյուրատանը Միրզոևի կազմակերպած խնջույքի ժամանակ: Ըստ կայքի՝ վիրավորվել էր Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Կոլյա Միսեևը: