ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 մլրդ դրամի չափով փողերի լվացման մեջ, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նախաքննությամբ պարզվել է, որ Գևորգյանը 2000-2018 թվականներին, լինելով պաշտոնյա, հանցավոր ճանապարհով ստացված գույքերի իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է 4 921 302 379 դրամի չափով ապօրինի եղանակով ստացված եկամուտները։
Նաև, ըստ կոմիտեի, պարզվել է, որ 2004-2018 թվականներին Գևորգյանի և նրա մերձավոր ազգականների անվամբ Երևանում և Հայաստանի մարզերում գտնվող 39 անշարժ գույք է գրանցվել, որոնք փաստացի պատկանել են Գևորգյանին։ Նշված գույքերի ընդհանուր արժեքը, ըստ իրավապահների, գործարքի ավարտի պահին կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ, բայց պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 751 մլն դրամ։
«Բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված անձանց անունով Չեխիայում գտնվող ևս 10 գույքի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 920 հազար դոլար, որը համարժեք է 391 մլն դրամի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարի ժամկետով)։
Կոմիտեից հավելել են, որ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Գևորգյանը 2008-2014 թվականներին զբաղեցրել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնը։ Նա նաև զբաղեցրել է ՀՀ նախագահի առաջին օգնականի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար-փոխվարչապետի պաշտոնները։ Գևորգյանն անցնում է նաև մարտի 1-ի գործով։