Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կալանավորված չէ, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ նման կերպ հերքելով այդ մասին տեղեկությունները:
Փաստաբանը հիշեցրել է, որ Շահրամանյանի մասնակցությամբ քննվող որևէ վարույթով վերջինս մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։
Ինչ վերաբերում է ՀՀ ԶՔԳ վարչությունում քննվող վարույթին, Երիցյանը նշել է, որ այդ վարույթով Արցախի նախագահը հարցաքննվում է որպես վկա, և այն նախաձեռնված չէ նրա նկատմամբ։
«Ինչ վերաբերում է հարցաքննությունների ինտենսիվությանը և դրանց շարունակականությանը, ապա դրանք պայմանավորված են միայն վարույթի ծավալով։
Միաժամանակ՝ խնդրում եմ ըմբռնմամբ ու հարգանքով մոտենալ այդ վարույթի շրջանակներում տվյալներ չհանրայնացնելուն»,- գրել է Երիցյանը:
Շահրամանյանի դեմ 2024-ին նոր քրեական վարույթ էր նախաձեռնվել, ըստ որի՝ նա, պարտավոր լինելով իր ծառայողական մեքենան հանձնել ՀՀ կառավարությանը, չի հանձնել, յուրացրել է։