«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի դատական նիստը հետաձգվել է, Armenia Today-ին հայտնեց «Հանրային ձայն» խմբակցության ավագանու նախկին անկուսակցական անդամ, լրագրող Նանա Սարգսյանը։
Նրա փոխանցմամբ՝ հաջորդ դատական նիստը նախատեսված է 2025 թվականի հունիսի 4-ին։
Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն անհիմն է համարում դատախազության ներկայացրած մեղադրանքները՝ ընդգծելով, որ դրանում ներկայացված փաստերը խեղաթյուրված են, փոխանցեց Սարգսյանը։
«Մայիսի 28-ի դատական նիստին դատարանը լսել է նաև Ղուկասյանի բացատրությունները։ Հաջորդ նիստին դատարանն, ըստ ընթացակարգի, կլսի պաշտպանական կողմի փաստերը և վկաներին»,- նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ կան փաստեր, որոնք դատարանն ուսումնասիրում է, նաև մի շարք տվյալներ ուղարկվել են ամերիկյան փաստաբաններին։ Սարգսյանը շեշտել է, որ մասնավորապես մանկապղծությանը վերաբերող տեսանյութի հրապարակմամբ՝ Ղուկասյանն օգնել է մանկահասակ երեխային։
«Ձեր նշած տեսանյութի մասով․․․ նա այդ ընտանիքին փրկել է։ Դա ոչ թե մանկապղծություն է, այլ մանկապղծությունից է փրկել այդ երեխաներին։ Դեպքի մասին բարձրաձայնելուց հետո պետությունն սկսել է հոգ տանել երեխաների համար և պատասխանատվության է ենթարկել ծնողներին»,- ընդգծեց նա։
Ավելի վաղ ԴՕԿ կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանը հայտնել էր, որ Ղուկասյանին մեղադրում են մանկապղծության մեջ՝ շուրջ 2 տարի առաջ հրապարակած տեսանյութի համար։
2023 թվականի օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է, նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին նա ձերբակալվել էր։ Օգոստոսի 20-ին կինը կալանավորվել էր, ինչի շնորհիվ կանխվել է երեխաների իրավունքների հետագա խախտումները։