ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության կալանավորված ղեկավար Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Մակունցը մերժում է ստացել, բայց նորից է փորձում՝ հույս ունենալով, որ գոնե մի հարցում օգտակար կլինի պետությանը՝ մինչև Հայաստան վերադառնալը։
ԴՕԿ նախագահ Անույշ Խուդավերդյանը հայտնել էր, որ Ղուկասյանին մեղադրում են մանկապղծության մեջ՝ շուրջ 2 տարի առաջ հրապարակած տեսանյութի համար։
2023 թվականի օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է, նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին նա ձերբակալվել էր։ Օգոստոսի 20-ին կինը կալանավորվել էր։