ՀՀ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armenia Today-ին մեկնաբանել են մայիսի 20-ին «Սրբազան պայքարի» 5 աջակցի բերման ենթարկելու մասին շարժման տարածած տեղեկությունը։
Մայիսի 20-ին՝ ավելի վաղ, «Սրբազան պայքար» շարժումը հայտարարել էր, որ իր աջակիցներին բերման են ենթարկել «Աստվածապաշտությունը հաղթելու է անձնապաշտությանը» գրառմամբ պաստառ փակցնելու համար։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ բերման է ենթարկվել 5 աջակից՝ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 172․2 հոդվածով նախատեսված արարքի համար (հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը, առավելագույն պատիժը տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով- խմբ․)։ ՆԳՆ-ից հավելել են, որ նրանք ազատ են արձակվել։
Մայիսի 14-ին «Սրբազան շարժման» երեք ակտիվիստի բերման էին ենթարկել «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանն» ակցիան իրականացնելիս, ավելի ուշ նրանց ազատ էին արձակել։
2024-ին շարժումը բողոքի ակցիաներ էր սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ 2024-ի ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ 2024-ի դեկտեմբերին շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը հայտարարել էր, որ «Սրբազան պայքարը» շարունակելու են 2025-ին՝ փողոցում։