Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն դոլար արժեքով հողամասը, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը։
«Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանին կվերադարձվի Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 2 միլիոն 686 հազար դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն 444 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 17 հազար 730 քմ մակերեսով հողամասը»,- ասվում է հաղորդագրությունում:
Դատախազությունը հիշեցրել է, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Կ.Ի.-ի միջև 2005 թվականի ապրիլի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: