Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազությունից և Ներքին գործերի նախարարությունից պաշտոնական պարզաբանումներ է պահանջելու մայիսի 9-ին Գյումրիում ձերբակալված լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ոստիկանության կողմից ենթադրյալ դաժան վերաբերմունքի և Զարուհի Փոստանջյանին որպես պաշտպան ներգրավելու մերժման կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել օմբուդսմենի գրասենյակը Մուշի քննչական բաժնում գտնվող Աղեկյանին այցելությունից հետո։
Պաշտպան Անահիտ Մանասյանը հիշեցրել է, որ փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին` հայտնելով, որ լրագրող Լիլիթ Աղեկյանը գտնվում է ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, և ինքը չի կարողանում տվյալ վարույթով ներգրավվել որպես փաստաբան, ինչպես նաև տեսակցել Լիլիթ Աղեկյանին։ Օմբուդսմենի ստացած տեղեկությամբ՝ Փոստանջյանին մերժել են՝ պատճառաբանելով, որ քրեական գործի շրջանակներում կան հանգամանքներ, որոնք բացառում են նրա մասնակցությունը, և Աղեկյանի շահերը ներկայացնելու համար ներգրավվել է հանրային պաշտպան։
Մասնավոր զրույցի ընթացքում լրագրող Աղեկյանը օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներին պատմել է դեպքի մանրամասները՝ պնդելով, որ ոստիկանները իրեն նկատմամբ կիրառել են անհամաչափ ուժ, երկար ժամանակ պահել են ձեռնաշղթաներով, խուզարկությունն իրականացվել է տեսագրությամբ, իսկ ոստիկանություն իրեն տարել են տնային հագուստով։
Մանասյանը ընդգծել է, որ իրավասու մարմինները պարտավոր են պատշաճ կերպով ուսումնասիրել բոլոր դիմումները՝ կապված ձերբակալված անձի նկատմամբ ենթադրյալ դաժան վերաբերմունքի հետ, և հրապարակել արդյունքները։
Լիլիթ Աղեկյանը ձերբակալվել էր մայիսի 9-ին՝ խուլիգանության և դատարանի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի հոդվածներով։ Ավելի ուշ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել էր, որ ոստիկանները լրագրողին ձերբակալել են տնից՝ ուժ կիրառելով և տարել ոստիկանություն՝ գիշերազգեստով ու հողաթափերով։ Մայիսի 11-ին ՆԳՆ արձագանքել էր Փոստանջյանի հայտարարություններին՝ հերքելով խոշտանգման մասի տեղեկությունը: