Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում ապրիլի 29-ին ու 30-ին տեղի ունեցած դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում 6 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ապրիլի 29-ին ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտարարել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն սպառնացել, հայհոյել է իրեն և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Վերջիններս թաղապետի նկարի վրա հեղուկ էին լցրել։ Այնուհետև Չախոյանն ապրիլի 29-ին գրել էր, որ գնալու է թաղապետարան՝ հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով:
Ապրիլի 30-ին, երբ Չախոյանն այցելել էր թաղապետարան, ծեծկռտուք էր տեղի ունեցել վարչական շրջանի ղեկավարի, նրա աջակիցների և Չախոյանի միջև, որից հետո վերջինիս ոստիկանությունից վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետ մեղադրանք առաջադրել։
ՔԿ խոսնակը մայիսի 1-ին տեղեկացրել էր, որ ապրիլի 29-ին տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2 անձի նկատմամբ։ Ապրիլի 30-ի դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 4 անձի նկատմամբ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ ԶԼՄ-ները գրել էին, որ մեղադրանք է առաջադրվել նաև Տիգրան Տեր-Մարգարյանին։