Ակտիվիստ Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք է առաջադրվել, տեղեկացրել է ինքը՝ Չախոյանը:
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով՝ մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), հայտնել է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը:
Փաստաբանն այս ամենն «իրավական ֆարս» է որակել: «Ակնհայտ հանցագործության համար անձինք ո՛չ կանչվել են, ո;չ վերջիններիս հետ կոնկրետ քննչական-դատավարական գործողություններ են կատարվել, իսկ քաղաքացիական ակտիվիստը քաղաքացիական ակցիա իրականացնելու համար մեղադրվում է։
Նախորդիվ արտահայտածս մտահոգությունը, ցավոք, բայց հետզհետե իրականանում է` փորձ է կատարվում ծածկադմփոց անել Նոր Նորքի առերևույթ հանցագործ թաղապետի ու իր հանցակիցների գործողությունները` դրանք բարդելով քաղաքացիական ակցիա իրականացնող անմեղ անձի վրա, ով այս պատմության մեջ կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի»,- գրել է Եփրիկյանը ֆեյսբուքյան էջում։
Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք և վեճ էր տեղի ունեցել։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և մի քանի այլ անձ, որոնք, ենթադրաբար, թաղապետարանի աշխատակիցներն են, ըստ ԶԼՄ-ներում առկա տեսանյութերի, հայհոյել ու հարվածել էին Չախոյանին, որին ավելի ուշ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքից տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
ԲԿ-ից հայտնել էին, որ Չախոյանն ունի աչքի շրջանում փոքր գեմատոմա, փոքր սալջարդեր, «անհանգստացնող գլխի վնասվածք»։ ՆԳՆ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ միջադեպի առնչությամբ 6 ձերբակալված կա։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ապրիլի 30-ի երեկոյան փաստաբանը տեղեկացրել էր, որ ակտիվիստն ազատ է արձակվել և կշարունակի մնալ հոսպիտալացված: