Արթուր Չախոյանն ազատ է արձակվել ձերբակալումից և կշարունակի մնալ հոսպիտալացված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
Նա նշել է, որ ակնկալում է քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։
«Եթե հանուն դեմոկրատական պաթոսի առերևույթ հանցագործ թաղապետը մինչև իսկ պաշտոնանկ արվի, միևնույն է, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու»,- հավելել է նա։
Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք և վեճ էր տեղի ունեցել։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և մի քանի այլ անձ, որոնք, ենթադրաբար, թաղապետարանի աշխատակիցներն են, ըստ ԶԼՄ-ներում առկա տեսանյութերի, հայհոյել ու հարվածել էին ակտիվիստ Արթուր Չախոյանին, որին ավելի ուշ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքից տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: ԲԿ-ից հայտնել էին, որ Չախոյանն ունի աչքի շրջանում փոքր գեմատոմա, փոքր սալջարդեր, «անհանգստացնող գլխի վնասվածք»։
ՆԳՆ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ միջադեպի առնչությամբ 6 ձերբակալված կա։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Չախոյանն ապրիլի 29-ին գրել էր, որ գնալու է թաղապետարան՝ հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով: Նա ցանկացել էր թաղապետի հետ քննարկել իր բնակության վայրի հարևանությամբ 18 հարկանի բնակելի շենք կառուցելու անթույլատրելիությունը։ Չախոյանին ասվել էր, որ հանդիպումը հնարավոր է միայն առանց տեսախցիկների, ինչին ակտիվիստը համաձայնել էր։ Այնուհետև սկսվել էր ծեծկռտուքը: