Բարձրագույն դատական խորհրդը բավարարել է գլխավոր դատախազի՝ դատավոր Արտուշ Գաբրելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Ապրիլի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ նախաձեռնված վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր։ Ավելի ուշ մանրամասնել էին, որ դատարանում ապացուցողական գործողություն է իրականացվել, իսկ վարույթը վերաբերում է կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին։
ԶԼՄ-ները գրել էին վարույթի շրջանակում Գաբրելյանին բերման ենթարկելու մասին, ինչն ավելի ուշ հերքել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա տեղեկացրել էր, որ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցերի քննարկումը հետաձգվել է։
Ապրիլի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ վարույթի շրջանակում 2 անձ է կալանավորվել։