Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկումը հետաձգվել է, հայտնել են Գաբրիելյանի ներկայացուցիչներ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը։
Ըստ փաստաբանների՝ հարցի քննարկումը մինչև վաղը 09:30-ը հետաձգվել է նյութերին ծանոթանալու նպատակով։
Ապրիլի 29-ին Հակակոռուպիցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրել էր, որ իրավապահ կառույցը քննչական գործողություններ է իրականացնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Նա այդ մասին ասել էր՝ անդրադառնալով Գաբրիելյանին բերման ենթարկելու լուրին։
Ավելի ուշ նա մանրամասնել էր, որ դատարանում ապացուցողական գործողություն է իրականացվել, նախաձեռնված վարույթը վերաբերում է կաշառքին:
Ալեքսանյանը հայտնել էր, որ Գաբրիելյանին բերման ենթարկելու և նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարք կիրառելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: