Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ապացուցողական գործողություն է իրականացվել, նախաձեռնված վարույթը վերաբերում է կաշառքին, Armenia Today-ին ապրիլի 29-ի քննչական գործողությունների մանրամասներն է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դատարանում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն»,- հավելել է խոսնակը։
Նա տեղեկացրել է, որ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Իրավապահ կառույցից այլ մանրամասներ չեն հայտնել։
Ապրիլի 29-ին ավելի վաղ Օհանջանյանը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Նա այդ մասին ասել էր՝ անդրադառնալով դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման ենթարկելու լուրին, որը մինչ այս պահն իրավապահների կողմից չի հաստատվել։