Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա այդ մասին ասել է՝ անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման ենթարկելու լուրին։ Հակակոռուպցիոն կոմիտեից չեն մեկնաբանել դատավորին բերման ենթարկելու տեղեկությունը։
«Դատարանում քննչական գործողություններ են կատարվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում»,- հավելել է խոսնակը։
Գաբրիելյանը 2017 թվականից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում է։
Դատավոր Գաբրիելյանը 2024-ին ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության։ Նա մի շարք հնչեղ գործեր է քննել, այդ թվում՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի, ընդդիմադիր ակտիվիստների։