Փաստաբաններ Վարազդատ Հարությունյանը և Ռուբեն Մելիքյանը Սամվել Վարդանյանին ուղեկցած երկու ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել, հայտնում է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։
Նշվում է, որ հսկող դատախազը միջնորդությունը բավարարելու կամ մերժելու համար ունի 7 օր։
«Վերահաստատում ենք մեր սկզբնական մոտեցումն առ այն, որ այդ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու բոլոր հիմքերն առկա էին դեռևս մեկ տարի առաջ»,- շեշտել են փաստաբանները։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ապրիլի 25-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել էր, որ Վարդանյանի վերաբերյալ փորձաքննությունների եզրակացությունները ձգձգվում են։ Նա նաև գործի վերաբերյալ օրինականության ու արագության հանձնառություն էր արտահայտել։
2024-ի ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Վարդանյանը հասարակական տրանսպորտում Ասլանյանին «հակահայ վիժվածք» էր անվանել և հայտարարել, որ իշխանությունները «հանձնում են հայրենիքը»։ Սիմոնյանը միջադեպը «խուլիգանական արարք» էր որակել։ Մելիքյանն ավելի ուշ հայտնել էր Վարդանյանի ձերբակալության մասին։
Քննչական կոմիտեն ապրիլի 16-ին խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ էր հարուցել։ Հարությունյանն ավելի ուշ մանրամասներ էր հայտնել ձերբակալությունից հետո Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու մասին: Մայիսի 18-ին Վարդանյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք՝ 7 մլն դրամ գրավով համակցմամբ։ Հուլիսի 25-ին Վարդանյանի տնային կալանքը դատարանը փոխարինել էր վարչական հսկողությամբ։
Ապրիլի 8-ին դատարանը Վարդանյանին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։ Մելիքյանը հայտնել է, որ պատրաստվում են դատավճիռը բողոքարկել։ Ապրիլի 14-ին դատարանը 750 հազար դրամ տուգանքի չափով պատիժ էր սահմանել։