Դատախազությունն իր աշխատանքային ծրագրում կներառի արցախցիների նկատմամբ խտրականություն և ատելության խոսք դրսևորելու հարցը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նա այդ մասին ասել է՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին՝ կապված արցախցիների նկատմամբ դրսևորվող ատելության խոսքի և խտրականության հետ։
«Չի կարելի ծննդավայրի հիմքով անձանց տարանջատել ու խտրականությունը միայն այդ հանգամանքով պայմանավորել, խտրականությունը խտրականություն է, որը կարող է դրսևորվել բոլորի նկատմամբ»,- հավելել է դատախազը։
Վարդապետյանն ընդգծել է, որ դատախազության աշխատանքային ծրագրում կներառեն Մինասյանի բարձրաձայնած հարցը, և գործընթացը կտևի 6 ամիս, ինչից հետո հարցի ուսումնասիրության վերաբերյալ տվյալներ կտրամադրեն։
Նա հավելել է, որ դատախազությունը խտրականության վերաբերյալ վիճակագրություն չի վարում, բայց մի քանի գրավոր հարցում է ստացել պատգամավորներից՝ ծննդավայրի հիմքով անձանց խտրականության ենթարկելու մասին։
Ապրիլի 14-ին Արցախից բռնի տեղահանվածներն ակցիա էին իրականացրել դատախազության դիմաց՝ գերատեսչությանը կոչ անելով հետաքննել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից ներազգային ատելության հրահրման դեպքերը: Նրանք խնդրի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էին փոխանցել դատախազություն։
Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։