Կոռուպցիայի ցանկացած դրսևորում անընդունելի է, ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ մեկնաբանելով Շենգավիթ համայնքի վարչակազմի պաշտոնյաների վերջին ձերբակալությունները։
Նա բացատրել է, որ խոսքը միայն համայնքային բյուջեից գողություն կատարելու մասին չէ, այլ նաև ինչ-որ բան արձանագրելու կամ չարձանագրելու համար կաշառք վերցնելու։
«Ինչքա՞ն պետք է տեղի ունենա այս ամենը, որ մենք կարողանանք մշակութային փոփոխություններ կատարել։ Իրավապահ մարմինները պետք է իրականացնեն իրենց գործառույթները, բայց այստեղ մենք էլ անելիք ունենք համակարգային վերլուծության և որոշումների տրամաբանությամբ, քանի որ այդ համակարգում անընդհատ կրկնվող խնդիրը նշանակում է համակարգային խնդրի առկայություն»,- նշել է Ավինյանը։
Ապրիլի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Armenia Today-ին հայտնել էր, որ քննչական գործողությունների արդյունքում ձերբակալություններ են կատարվել Երևանի Շենգավիթի վարչական շրջանում։
Ավելի վաղ Shamshyan.com կայքը գրել էր, որ կաշառք ստանալու կասկածանքով Ազգային անվտանգության ծառայություն է տարվել վարչակազմի երկու աշխատակից։
Կաշառք տալու, ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով վերջին ամիսներին քաղաքապետարանի երեք, թաղապետարանների երկու պաշտոնյաներ են կալանավորվել: