Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանից ձերբակալվածներ կան, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ հաստատելով լուրը, որ թաղապետարանում իրավապահները գործողություններ են իրականացրել։
«Քննչական գործողություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում»,- մանրամասնել են կոմիտեից։
Ձերբակալությունները Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ միջոցառումների արդյունքում են, հավելել են գերատեսչությունից։
Ձերբակալվածների թիվը, սակայն, դեռ չեն հայտնել։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն իր Facebook-յան էջում արձագանքել է իրավապահների գործողություններին՝ նշելով, որ յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, իր համար անընդունելի է։
«Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը, «փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին»,- ընդգծել է նա։
Ապրիլի 20-ին Shamshyan.com-ը գրել էր, որ ԱԱԾ-ն մեկ օր առաջ հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում, որից հետո երկու պաշտոնյայի տեղափոխել են իրավապահ մարմին։