ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իր հարսը` Անի Գևորգյանը, ստիպված ընդունել է մեղքը, որպեսզի ստեղծված իրավիճակը հանդարտվի, գործը դատարանում քննվի։
«Այո՛, ճիշտ եք ասում, իմ եղբոր ընտանիքը կայացրել է այդ որոշումը, գնացել է այդ ճանապարհով, որպեսզի հետագայում դատարանում քննությունը շարունակվի»,- «Ժողովուրդ»-ին ասել էՍիմոնյանը:
Ըստ թերթի՝ նա այսպիսով կասկածի տակ է դրել իրավապահների աշխատանքը` կանխատեսելով, որ այս գործն էլ դատարանում «կկոտրվի» ինչպես շատ այլ գործեր, քանի որ իրավապահները սխալվել են:
Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով 2023 թվականի հունվարի 31-ին բերման էր ենթարկվել 7 մարդ, այդ թվում՝ պաշտոնանկ արված փոխնախարար Անի Իսպիրյանը և Սիմոնյանի եղբոր կինը։
Այս համատեքստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական էր տվել փետրվարի 14-ին, հաջորդ օրը նրան մեղադրանք էր առաջադրվել նույն գործով լիազորությունները չարաշահելու համար, իսկ փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով տնային կալանքի էր ենթարկել Էկոնոմիկայի նախկին նախարարին։