Դատարանը Սամվել Վարդանյանին տուգանել է «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորելու գործով, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանը վճռեց նշանակել պատիժ 750 հազար դրամ տուգանքի ձևով։ Միաժամանակ, հաշվի առնելով 100 օր տևողությամբ տնային կալանքը՝ դատարանը վճռեց Սամվելին ազատել պատժից»,- գրել է Մելիքյանը։
Հիմնական դատալսումների արդյունքում դատարանը Վարդանյանին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։ Մելիքյանը հայտնել է, որ պատրաստվում են դատավճիռը բողոքարկել։
Միաժամանակ փաստաբանը հիշեցրել է, որ 1 տարի առաջ՝ 2024թ. ապրիլի 15-ին, Վարդանյանին խոշտանգելու փաստով քննվող վարույթով որևէ առաջընթաց չկա։
2024-ի ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Վարդանյանը հասարակական տրանսպորտում Ասլանյանին «հակահայ վիժվածք» էր անվանել և հայտարարել, որ իշխանությունները «հանձնում են հայրենիքը»։ Սիմոնյանը միջադեպը «խուլիգանական արարք» էր որակել։ Մելիքյանն ավելի ուշ հայտնել էր Վարդանյանի ձերբակալության մասին։
Քննչական կոմիտեն ապրիլի 16-ին խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ էր հարուցել։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ավելի ուշ մանրամասներ էր հայտնել ձերբակալությունից հետո Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու մասին: Մայիսի 18-ին Վարդանյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք՝ 7 մլն դրամ գրավով համակցմամբ։ Հուլիսի 25-ին Վարդանյանի տնային կալանքը դատարանը փոխարինել էր վարչական հսկողությամբ։