Ռուսաստանում կալավանավորված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանը կհանձնվի ՀՀ իրավասու մարմիններին, Armenia Today-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Նա մանրամասնել է, որ Ռուսաստանի դատախազությունը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը:
Ասիլյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, առավելագույն պատիժը՝ 4 տարվա ազատազրկում)։
2024 թվականի սեպտեմբերին Հայաստանի ՆԳՆ-ից Armenia Today-ին հաստատել էին Ասիլյանին Ռուսաստանի իրավապահների կողմից կալանավորելու լուրը։
Նախքան այդ՝ 2024-ի մայիսին, ՆԳՆ-ն Ասիլյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարել ՔՕ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, կամ այդ իրավունքը կասեցված, կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով)։
2023-ի նոյեմբերի 13-ին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության որոշմամբ Ասիլյանին հեռացրել էին կուսակցությունից։ 2024-ի հունվարին կրակել էին Ասիլյանի տան ուղղությամբ։ «Հրապարակ»-ը գրել էր, որ Ասիլյանի՝ կուսակցությունից հեռանալու պատճառը «նրա մասնակցությունն է կոռուպցիոն գործարքներում»։ Թերթը նշել էր նաև, որ նա «քաղաքացիներից գումար էր վերցրել շինթույլտվությունների համար՝ «վերևներին» միջնորդելու նպատակով»։