Դատարանը հրապարակել է 2024թ. հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի տարածքում տեղի ունեցած, երիտասարդ ընտանիքի կյանք խլած վթարի գործով դատավճռի եզրափակիչ մասը, հայտնել է փաստաբան Հայարփի Սարգսյանը։
Նա նշել է, որ մեղադրյալ Արմեն Տոնոյանը մեղավոր է ճանաչվել։ Տոնոյանը որպես հիմնական պատիժ դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ որպես լրացուցիչ պատիժ` 3 տարի ժամկետով զրկվել է վարորդական իրավունքից։
Մյուս մեղադրյալ Արման Ալեքսանյանը ևս մեղավոր է ճանաչվել և որպես պատիժ նշանակվել է տուգանք 750.000 ՀՀ դրամի չափով։
Փաստաբանը մանրամասնել է, որ տուժողների գույքային հայցերը բավարարվել են մասնակի` համապատասխանաբար 4 մլն և 2 մլն ՀՀ դրամի չափով։
Նա հիշեցրել է, որ նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրյալներն ընդունել էին իրենց մեղքը, նշանակվել էր արագացված դատաքննություն, նշանակվել էին լրացուցիչ դատալսումներ։
2024 թվականի հուլիսի 26-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել են երիտասարդ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին։ Ընտանիքի կյանքը խլած վթարի դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել և մեղադրանք էր առաջադրվել երկու անձի։