Մարտի 30-ի՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ 4 ահազանգ է ստացել, որոնք ստուգման փուլում են, իսկ 2 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, տեղեկացրել են ՆԳՆ-ից։
«Քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- հստակեցրել են ՆԳՆ-ից։
Գյումրիում և Փարաքար համայնքում մարտի 30-ին ավագանու արտահերթ ընտրություններ են։ Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր ավագանու թեկնածուի և այլ անձանց ձերբակալության մասին։ Փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ ձերբակալվածների թվում է նաև «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը։
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, կա քաղաքապետի 9 թեկնածու։ Նրանք են՝ ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքից Լևոն Բարսեղյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Սարիկ Մինասյանը, «Դեմոկարտական այլընտրանք» կուսակցությունից՝ Արտյոմ Ղարաղազարյանը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից՝ Արտյոմ Թումանյանը և «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Կարեն Մալխասյանը։ Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը՝ Վոլոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Դավիթ Մինասյանն է, իսկ «Կայունություն» կուսակցության թեկնածուն՝ Գոռ Սարիբեկյանը:
Փարաքարի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը՝ Վոլոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Դավիթ Մինասյանն է, իսկ «Կայունություն» կուսակցության թեկնածուն՝ Գոռ Սարիբեկյանը: