Կառավարության որոշմամբ՝ Արթուր Նահապետյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Որոշումն ընդունվել է կառավարության մարտի 20-ի նիստում։
Կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր 2024 թվականի նոյեմբերի 20-ից՝ նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականից հետո։ Ըստ օրենքի՝ ՀԿԿ նախագահը նշանակվում է 6 տարի ժամկետով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ ՀԿԿ-ի՝ դատարան ուղարկված գործերի քանակն ու պարզել, թե ի՞նչ ծավալի մասին է խոսքը, որոնք ավարտվել են դատավճռով, որքա՞նն են արդարացված։
«Շատ կարևոր է, որ ՀԿԿ-ի, այդ թվում՝ ՔԿ-ի աշխատանքի վերաբերյալ ունենանք ելքի մասին որոշակի պատկերացումներ։ Նկատի ունեմ, որ մեզ պետք են հստակ ցուցիչներ, այդ թվում՝ արտահայտված կառավարությանը ներկայացվող հաղորդման մեջ»,- ասել է նա։
Ըստ վարչապետի՝ քրեական գործերի նախաքննությունը շատ երկար է տևում, ինչն անթույլատրելի է, քանի որ հանրությունը պետք է պատասխան ունենա։
«Զարմանքով, մի փոքր էլ զայրույթով արձանագրեցի, որ մեզ մոտ կան քրեական գործեր, որոնք 2018 թվականից մեծ աղմուկով լրատվական ուղեկցությամբ հարցուցվել են, մեկ էլ մի օր հիշում ենք, թե այդ քրեական գործը, որ լրատվականների առաջին էջերում էր, ի՞նչ եղավ, ստանում ենք մի կարճ տեղեկանք՝ նախաքննությունը շարունակվում է»,- նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ հանրությունը հսկայական ներդրում է կատարում կոմիտեի վրա, քանի որ հենց իրենց կառավարության օրոք է այդպես բարձրացել աշխատավարձերը՝ հույս տածելով, որ համապատասխանաբար կբարձրանա արդյունավետությունը։
«ՔԿ-ում նույնպես նման իրադրություններ ունենք, և մենք պետք է բացառենք սա։ Մեր աշխատանքի արդյունավետության մասին պատկերացումների ցուցիչները պետք է փոխենք և հաշվետվողականության ավելի տեսանելի բանաձևերով պետք է ներկայանանք հանրությանը»,- ասել է վարչապետը։
Նա առաջարկել է կառավարության ընթացիկ գործունեության նկատմամբ նույնպես ՀԿԿ վերահսկողություն իրականացնել, սակայն գերատեսչությունում դժգոհում են, որ նման գործելաոճը խանգարում է նախագծերի իրականացմանը։
«Երբ տեսնում ես՝ գործը մեկ տարի է քննվում, երկու տարի, երեք, այսինքն՝ ինչքա՞ն կարող է քրեական գործ հարուցված մնալ, ինչ-որ մի ազդակ պետք է լինի։ Ֆունդամենտալ նպատակն այն է, որ համակարգը հստակ աշխատի և տա հստակ պատասխաններ»,- հավելել է վարչապետը։
2024 թվականի նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։
Նոյեմբերի 17-ին Փաշինյանն աշխատանքից ազատել էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարարին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։ Խաչատրյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2021-ի սեպտեմբերին։
Մարտի 11-ին հանձնաժողովի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ Մարտիրոսյանն արժանի չէ այս պաշտոնին, «քանի որ սա այն պաշտոնն է, որտեղ պետք է անբասիր վարքագիծ ունենալ»։
Մարտի 17-ին Փաշինյանը հայտնել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի անունը։ Ըստ վարչապետի՝ քննարկումների արդյունքում որոշում էր կայացրել այդ պաշտոնում նշանակելու համար կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներ է հավաքել մրցութային փուլում։