ԱՄՆ-ում դատարանը մերժել է «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանին (հայտնի է «Դոգ» մականունով-խմբ․) անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Նա կշարունակի մնալ կալանքի տակ։
Փետրվարի 27-ին ԴՕԿ կուսակցությունը հայտնել էր, որ 6 օր է, ինչ Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկացրել էին Ղուկասյանի հոսպիտալացման մասին։ Փետրվարի 28-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինները բերման են ենթարկել Ղուկասյանին։
Մարտի 3-ին Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամ Նանա Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Ղուկասյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացրել Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պահանջելով թույլ չտալ նրան արտահանձնել Հայաստան։
2023-ին ՀՀ քննչական կոմիտեն Ղուկասյանի և իր կուսակից Արտակ Գալստյանի նկատմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և մասնակցության հոդվածներով քրեական վարույթ էր նախաձեռնել։ 2023-ի մայիսին Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ապրիլին նա դարձել էր մեղադրյալ առանձնապես խոշոր չափերով շորթման քրեական գործով։