ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել, «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Ըստ կայքի՝ Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար: Նախկին նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը:
Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված էր նաև վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: 3-րդ նախագահին մեղադրանք էր առաջադրվել Քրեական նախկին օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով)։
2024 թվականի մայիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանն արդարացրել էր Սարգսյանին՝ «վառելանյութի գործով» հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Նույն գործով անցնում էին «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը։ Դատարաը նրանց նույնպես արդարացրել էր։