Հակակոռուպցիոն դատարանը որոշել է 3 ամսով երկարաձգել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը։
Պաշտպանական կողմը միջնորդել է վերացնել Աշոտյանի տնային կալանքը՝ միաժամանակ հայտարարելով, որ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։
«Այն մտավախությունները, որոնք արձանագրվել են նախորդ որոշման մեջ, դրանք ամբողջությամբ չեն փարատվել և չեն վերացվել։ Դատարանը գտնում է, որ տնային կալանք խափանման միջոցի վերացման միտում չկա»,- իր խոսքում նշել էր դատավոր Վահե Դոլմազյանը։
Դատարանը 2024 թվականի նոյեմբերի 18-ին նույնպես որոշել էր 3 ամսով երկարաձգել Աշոտյանի տնային կալանքի ժամկետը։
Սեպտեմբերի 10-ին դատարանն Աշոտյանի նկատմամբ 25 մլն դրամ գրավի դիմաց տնային կալանք էր նշանակել։
Օգոստոսի 26-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել էր պաշտպանների վերաքննիչ բողոքն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ, և այն կրճատվել էր մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը։
2022 թվականի նոյեմբերի 16-ին Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։ Նրան կալանավորել էին 2023 թվականի հունիսի 16-ին։ Իրավապահները որպես կալանավորման պատճառ նշել էին խափանման միջոցի խախտումը՝ վայրից չհեռանալու մասին ստորագրությունը։