Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ խուլիգանություն կատարած անձին՝ ԱԱԾ սպա Արամ Գասպարյանին, դատարանը ենթարկել է տնային կալանքի, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ըստ նրա՝ Գասպարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ։
Քրգործը վերաբերում է 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությանը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելուն, հանցակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով), 38-258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությանը հանցակցելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատ-վում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով), 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, պատժվում է ազատազրկմամբ մինչև 6 տարի ժամկետով):
Մարտի 8-ին Գասպարյանի ձերբակալության մասին հայտնել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ այն կապելով ապրիլին ՀՀ վարչապետի Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած ցույցերի հետ։