ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով դատական նիստն ավարտվել է, փետրվարի 23-ին՝ ժամը 10։00-ին, որոշումը կհրապարակվի, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Փետրվարի 21-ին Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորների մասին արատավորող տեղեկություններ հրապարակելը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում)։
Փաստաբանը նշել է, որ բավական հետաքրքիր նիստ էր։ «Ներկայացրինք այս քրեական հետապնդման ողջ լրջությունը։ Սա անհատի նկատմամբ քրեական հետապնդումից զատ՝ լրիվ այլ, նոր տեսակի քրեական հետապնդում է խոսքի ազատության նկատմամբ։ Հույս ունենք, որ դատարանը հաշվի կառնի մեր կողմից ներկայացված փաստարկները»,- ասել է Մելիքյանը։
Ղազարյանի նկատմամբ բացակայելու արգելք և վարչական հսկողություն էր սահմանվել։ Վարչական հսկողության ձևաչափը որոշելու վերաբերյալ էր փետրվարի 23-ին հրավիրված նիստը։
Փետրվարի 14-ին դատարանը Ղազարյանին պարտավորեցրել էր 1 միլիոն 150 հազար դրամ վճարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ներողություն խնդրել նրանից։ Սիմոնյանը զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջներ էր ներկայացրել դատարան։ Իր հերթին՝ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջիկայում վճիռը կբողոքարկի։