ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին ՍԴ դատավորների նկատմամբ հրապարակային, քննադատական խոսք հնչեցնելու համար առաջադրվել է մեղադրանք, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորների մասին արատավորող տեղեկություններ հրապարակելը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում)։
Փաստաբանը մանրամասնել է, որ Ղազարյանի հրապարակային խոսքից որոշ հատվածներ են վերցրել և դարձրել մեդադրանքի մաս։
Մելիքյանի խոսքով՝ մեղադրանքի մաս է դարձել, օրինակ, Անկախության հռչակագրի մասին ՍԴ-ի որոշումից հետո Ղազարյանի այն քննադատական խոսքը, որ «ՍԴ դատավորները կա՛մ տգետ են, կա՛մ դավաճան»։ Կամ այն տեքստի համար, որ «Վահե Գրիգորյանն ապօրինի է դարձել ՍԴ դատավոր»։
Ղազարյանի նկատմամբ բացակայելու արգելք և վարչական հսկողություն է սահմանվել։ Վաղը վարչական հսկողության ձևաչափը որոշելու վերաբերյալ դատական նիստ է տեղի ունենալու։
Փետրվարի 14-ին դատարանը Ղազարյանին պարտավորեցրել էր 1 միլիոն 150 հազար դրամ վճարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ներողություն խնդրել նրանից։ Սիմոնյանը զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջներ էր ներկայացրել դատարան։ Իր հերթին՝ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջիկայում վճիռը կբողոքարկի։