Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Սևանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում ավագանու անդամ, 37-ամյա Արսեն Աֆիյանի սպանության համար կալանավորված Լյովա Բանդուրյանի խափանման միջոցը փոխարինել է տնային կալանքով, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը հիշեցրել է, որ նա քրեական հեղինակություն հանդիսացող անձի՝ Արա Բանդուրյանի որդին է։
Ըստ լրատվականի՝ Բանդուրյանի որդին կալանավորվել էր հանրային աղմուկի շնորհիվ, սակայն դեռ այն ժամանակ տեղեկություն կար, որ դա կարճ կտևի: Մյուս մեղադրյալ Միսաք Փաշիկյանի խափանման միջոցը չի փոխվել, նա կալանքի տակ է։
Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը թերթին հաստատել է տեղեկությունը։
2024 թվականի հուլիսի 17-ին Best Western Bohemian Resort-ում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով Աֆիյանն սպանվել էր։ Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Սևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Աֆիյանը Սևան համայնքի ավագանու անդամ էր, 3 անչափահաս երեխաների հայր։
ՔԿ-ն հուլիսի 22-ին հայտնել էր, որ Աֆիյանին սպանել են, երբ վարույթով անցնող 3 անձի հրահրմամբ հանգստյան գոտում վիճաբանություն է սկսվել։ Փաշիկյանը կրակոց էր արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, որից հետո Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով կրկին կրակել էր վերջինիս ուղղությամբ։