Քննչական կոմիտեն հերքել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ «անպետք զինատեսակի» քրեական գործի շրջանակներում գնդապետ Վահան Ավետիսյանի դեմ հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործի կարճման մասին տեղեկությունը։
«Գործը չի կարճվել, այն նախաքննության փուլում է»,- Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ, Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Ավետիսյանի դեմ հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը 6 տարի անց կարճվել է։
2020 թվականին թերթը հայտնել էր, որ այս քրեական գործով հարցաքննության են հրավիրվել 2016-2017 թվականների ընթացքում Զինված ուժերի պաշտոնատար անձինք։ Նրանք պնդել են, որ զենքը գնելու ժամանակ տեղյակ չէին, որ այն անպիտան է։ Երբ զենքը գնվել է և փորձել են օգտագործել, հասկացել են, որ հակառակորդի անօդաչու սարքն այն չի կարողանում որսալ, ոչնչացնել: