Էրեբունու ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են իրանցի այն քաղաքացիներից մեկին, որը Հանրապետության հրապարակում իր ընկերների հետ ադրբեջանական երգեր էր երգել, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ 40-ամյա Միլարդ Վահիդը ձերբակալվել է հունվարի 31-ին՝ Երևանում հասարակական կարգը խախտելու մեղադրանքով։
Նշվում է, որ նա թիվ 10 երթուղու ավտոբուսում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել և հայհոյանքներ հնչեցրել քաղաքացիների հասցեին։
«Նա վիճաբանել է, ապա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն նկատողություն արած Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Յուրի Բ․-ին և Երևանի բնակիչ 21-ամյա Գագիկ Ա․-ին՝ վերջիններին պատճառելով ֆիզիկական ցավ»,- գրել է կայքը։
Հունվարի 31-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողներն Իրանի քաղաքացիներ են։ Փետրվարի 1-ին ԱԱԾ-ն Իրանի քաղաքացիների՝ տեսանյութը հրապարակած ՀԿ ղեկավարի նկատմամբ գործ հարուցելու մասին հաղորդում էր ներկայացրել ՔԿ։ Այսօր ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ ձերբակալվել է հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող արցախցի Ղարիբ Բաբայանը։