Դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձ Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց՝ Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, dasaran.am ապրանքային նշանի սեփականատեր Սուրեն Ալոյանի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի կողմից պետական բյուջեից 106 միլիոն 300 հազար դրամ վատնում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ըստ հաղորդագրության՝ պարզվել էր, որ Ալթունյանը վերոնշյալ անձանց օժանդակությամբ Պաշտպանության նախարարության և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրերի գնման գործընթացների շրջանակներում կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ, հաշիվ-վավերագրեր և ակտեր, որի հետևանքով՝ ՀՀ պետական բյուջեից 2019, 2020 և 2021 թվականներին վատնվել է 106 միլիոն 300 հազար դրամ:
«Վերոնշյալ անձանց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Մեղադրյալների նկատմամբ գույքային հայց է հարուցվել դատարան՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: