Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ է ներկայացնելու միջազգային դատարաններ։
«ՄԻՀՆ գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Ըստ սահմանված ընթացակարգի՝ Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ»,- հայտնել են գրասենյակից։
Գրասենյակը հիշեցրել է, որ 2022 և 2024 թվականներին ՀՀ-ն Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ։
Բաքուն 2024 թվականի հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում Արցախի ռազմաքաղաքական առաջնորդներն էին։
2023թ․ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հաղորդել էր Վարդանյանի պաշտպանական թիմը:
Հունվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել էր Արցախի ղեկավարների շինծու «դատավարությունը»։ Արցախի առաջնորդների գործով հաջորդ նիստը կկայանա հունվարի 21-ին, Վարդանյանի գործով՝ հունվարի 27-ին, քանի որ դատարանը բավարարել է Արցախի նախկին պետնախարարի պաշտպանների հայցը, և 10 օր ժամանակ տվել գործի նյութերին ծանոթանալու համար։