Վերաքննիչ քրեական դատարանը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ որոշում է կայացրել և դատավճիռը խստացվել է 3 ամսով, Armenia Today-ին հայտնել է Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։
2024 թվականի սեպտեմբերի 10-ին դատարանն Առուշանյանին 1 տարի, 8 ամիս, 3 օր ժամկետով ազատազրկելու որոշում էր կայացրել։
Ըստ նրա՝ հանցանքների համակցման կանոններով մասնակիորեն գումարելով՝ վերջնական պատիժը 3 ամսով խստացվել է, և ազատազրկման ժամկետը սահմանվել է 1 տարի, 11 ամիս։ Սեպտեմբերի 10-ի որոշումը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
Ռաֆայելյանը հավելել է, որ դատարանը մասնակիորեն բավարարել է Գլխավոր դատախազության պատիժների և այլ հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողության վարչության պետ Լևոն Չարխիֆալակյանի և Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանի հատուկ վերանայման բողոքները։
Օգոստոսի 21-ին Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշել էր կասեցնել Առուշանյանի լիազորությունները և հինգ տարի ժամկետով նրան զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Օգոստոսի 22-ին Առուշանյանը վիճարկել էր Պրոբացիայի ծառայության գործողությունները՝ բողոք ներկայացնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Օգոստոսի 27-ին դատարանը մերժել էր ԱՆ պրոբացիոն ծառայության դեմ Առուշանյանի բողոքը։
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունն Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Սեպտեմբերի 10-ին դատարանն Առուշանյանին 1 տարի, 8 ամիս, 3 օր ժամկետով ազատազրկելու որոշում էր կայացրել։