Սյունիքի մարզի դատարանի վճռով Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով, հայտնել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։
Տվյալ հոդվածը վերաբերում է զինվորական պաշտոնեական անփութությանը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով:
Հարությունյանն Արցախի պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի փետրվարի 24-ին։ Հոկտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, ծանր վիրավորվել և ՊԲ հրամանատարի պաշտոնում փոխարինվել էր Միքայել Արզումանյանով։
2022 թվականի սեպտեմբերին Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել 44-օրյա պատերազմի ընթացքում անփութության համար, որը հանգեցրել էր ծանր հետևանքների՝ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստների և մի շարք մարտական դիրքեր հակառակորդին հանձնելու համար։
2023 թվականի հունիսին Քննչական կոմիտեի ներկայացուցիչն Armenia Today-ին հայտնել էր, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է։