2025 թվականի հունվարի 2-ին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորված երկու զոհված զինծառայողի գերեզմաններից ծաղիկներ հափշտակած 2 անձ՝ Ա.Դ.-ի և Ա.Պ.-ն կալանավորվել են, իսկ Ա.Կ.-ի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ն պարզել է, որ Ա.Կ.-ն մի խումբ անձանց հետ կազմակերպել ու ղեկավարել է «Եռաբլուրում» հուղարկավորված երկու զոհված զինծառայողի գերեզմաններից վերջիններիս ծնողների կողմից դրված ծաղիկների հափշտակությունը։ ՔԿ տվյալներով՝ գողացված ծաղիկները նրանք վաճառել են Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 ՀՀ դրամ արժեքով:
Ա.Դ.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով), իսկ Ա.Կ.-ի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը կազմակերպելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով):