ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը և վերականգնել նախկին պաշտոնում:
Մայիսի 23-ին ներկայացված հայցում Գաբրիելյանը նաև պահանջել է 2024 թվականի մարտի 21-ից հարկադիր պարապուրդի դիմաց իրեն վճարել փոխհատուցում։:
«Ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը` դատարանը գտնում է, որ այն համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև առկա չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված` հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը, հետևաբար՝ հայցադիմումը ենթակա է վարույթ ընդունման»,- ասված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում:
Դատարանը վարույթ է ընդունել Գաբրիելյանի հայցը և հուլիսի 4-ին Երևանի վարչական դատարանում տեղի է ունեցել նրա գործով նախնական դատական նիստը:
Գաբրիելյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 23-ին, պաշտոնից ազատվել էր 2024 թվականի մարտի 21-ին: