Ոստիկանությունը հայտնել է Տավուշի մարզի Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակելու ակցիայի մասնակցի ձերբակալության մասին։
Նշում են, որ 1975թ. ծնված Արման Ս.-ն գտնվում էր հետախուզման մեջ, նա ակցիա էր իրականացնում և փակել էր Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհահատվածը:
Ոստիկանության մամուլի ծառայությունը մանրամասնում է, որ ձերբակալվածը փետրվարի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
Արման Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Ապրիլի 21-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները փակել էին գյուղի հարակից ճանապարհը, որպեսզի խոչընդոտեն ականազերծման աշխատանքներին։ Նույն օրը սկսվել էին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ցույցերն Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեմ։