Կենտրոնի դատարանը 6 ժամից ավելի տևած նիստից հետո որոշել է մեղադրյալներ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և ընդդիմադիր ակտիվիստ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ բացակայելու արգելքի մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ, «քանի որ պահպանվում են վարույթից փախչելու և իրենց վրա դրված պարտավորությունների չկատարման ռիսկերը»:
Լևոն Քոչարյանն իր խոսքում նշել է, որ խափանման միջոցը նպատակ ունի իրեն անհարմարություն պատճառել: Նրա խոսքով՝ մեղադրող կողմը ոչ մի պատճառաբանված հիմնավորում չի ներկայացրել:
Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 23-ին՝ բողոքի ցույցերի ժամանակ (ոստիկանները հաղորդում էին ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել)։ Սեպտեմբերի 25-ին Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվել էր: Հոկտեմբերի 16-ին վերջինիս կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել։ Հոկտեմբերի 19-ին Լևոն Քոչարյանը կալանքը երկու ամսով երկարաձգվել էր։
Նոյեմբերի 6-ին Քոչարյանն ազատվել էր կալանքից, քանի որ ավելի վաղ ԿԸՀ-ի որոշմամբ պատգամավորական մանդատ էր ստացել։ Նա նոյեմբերի 14-ին երդվել էր Հայաստանի խորհրդարանում: Փետրվարի 6-ին Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին: