Գեղարքունիքի մարզի Սևանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, որոշվեց երկարաձգել 15 զինվորի կյանք խլած Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով ամբաստանյալների կալանքի ժամկետները։
Դատարանը որոշեց գործով մեղադրյալներ Եղիշե Վահագնի Հակոբյանի, Գոռ Սերգոյի Աղեկյանի և Մառլեն Խաչիկի Սարգսյանի կալանքի ժամկետները երկարաձգել երեք ամսով։
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 26-ին։
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել հունվարի 19-ի գիշերը, ինչի հետևանքով 15 զինծառայող էր զոհվել։ Քննիչները հրդեհի պատճառ էին համարել կապիտան Եղիշե Հակոբյանի կողմից վառարանը վառելու համար բենզինի օգտագործումը, նրան մեղադրանք էր առաջադրվել: Մեղադրանքներ էին առաջդրվել նաև բրիգադի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման և սպասարկման գծով տեղակալ Գոռ Աղեկյանին և հանրային կոմունալ ծառայության, հրդեհային անվտանգության և փրկարարական աշխատանքների ղեկավար, մայոր Մառլեն Սարգսյանին: