ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնչեցրած բռնության կոչերի համար ձերբակալվել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը, հայտնում է Քննչական կոմիտեն։
«2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան» վերտառությամբ տեսանյութ, որի ընթացքում Շուշանյանը ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները»,- մանրամասնում է ՔԿ-ն:
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ շարունակելով իր հանցավոր՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութեր տարածելու գործունեությունը, իր ֆեյսբուքյան «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված էջում Շուշանյանն այսօրինակ բովանդակությամբ գրառում է կատարել նաև սեպտեմբերի 22-ին, որտեղ ասվում է. «Հայոց զարթոնքը կարող է սկսվել մի պայմանով միայն՝ եթե կիկոլը ու ողջ հայրենավաճառների խմբակը ինքնաբուխ տարերային կերպով մահապատժվեն»:
Մեկ այլ գրառման մեջ էլ օգտատերը գրել է. «կիկոլին, դրա կուտոկից ցանկացածին որտեղ բռնեք սատկացրեք, հնարավորինս դաժան, բայց նաև արդյունավետ, սաղ չմնան. աած, ոստիկանություն, սպասում եմ, եկեք, տարեք»:
«Նկատի ունենալով, որ վերոնշյալ գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և համակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Շուշանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ վարույթի շրջանակներում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու նպատակով վերջինիս ձերբակալելու վերաբերյալ: Սեպտեմբերի 28-ին Մ․ Շուշանյանը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։