ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն օրերս ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերել են 4 հազար 166 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից պատրաստված 3 տուփ: Այս մասին հաղորդում ՊԵԿ-ը:
ՊԵԿ տեղեկություններ էին ստացվել, որ առաքանին փորձել է ուղարկել ԻԻՀ քաղաքացի Հ.Ս.-ն: Տեղեկություններ էին նաև ձեռք բերվել, որ տվյալ քաղաքացու փաստացի բնակության վայրում` Երևան քաղաքում գործող հյուրանոցներից մեկի սենյակում, առկա են թմրամիջոցներ, որոնք վերջինս մտադրվել էր փոստային ծառայության միջոցով ուղարկել երրորդ երկիր:
Դատարանի որոշման համաձայն` Հ.Ս-ի փաստացի բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվեց մոտ 4 կգ ընդհանուր քաշով նույնանման «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ևս 3 տուփ: ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է։
Պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացին դեպքից օրեր առաջ փոստային ծառայության միջոցով Ավստրիա է ուղարկել նույնանման տուփեր. պարզվեց նաև Ավստրիայի Հանրապետություն ուղարկված առաքանու և դրա ստացողի տվյալները: Տեղեկությունները համագործակցության շրջանակներում փոխանցվել են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչություն (DEA):
Ընդհանուր առմամբ, ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 10 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 1 միլիոն ԱՄՆ դոլարը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։